«Լրագրողներին դո՞ւք եք բերել, ինչո՞ւ են մեզ խանգարում»․ Սերժ Սարգսյանը՝ բնակիչներին
Երևանի 33-րդ թաղամասի (Ֆիրդուս) բնակիչներն ուզում են հավատալ, որ նախագահ Սարգսյանը կլուծի իրենց բնակարանի հարցը։
Այսօր այդ մասին նրանց նախագահական նստավայրի մոտ խոստացավ հենց ինքը՝ Սերժ Սարգսյանը։ Բնակիչները բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարական ամառանոցի ճանապարհին։
Ֆիրդուս թաղամասի բնակիչները պահանջում են իրենց տները, որոնք Հանրային գերակա շահ ծրագրի շրջանակներում քանդվել են: Կառավարությունը նախորդ տարիներին լուծել է թաղամասի անօթևան մնացած 200 ընտանիքներից մոտ 150 ընտանիքի բնակարանային հարցը: Այսօր անօթևան է դեռևս մոտ 50 ընտանիք:
«Բա դուք ո՞վ եք»,- հարցրեց նրանց Սերժ Սարգսյանը, երբ բնակիչները ներկայացրին իրենց խնդիրը, որից հետո նախագահն անկեղծ զարմացավ. «33-րդ թաղամասը որտե՞ղ է»:
Այնուհետև Սերժ Սարգսյանը հարցրեց բնակիչներին. «Լրագրողներին դո՞ւք եք բերել, ինչո՞ւ են մեզ խանգարում»։
Ամեն դեպքում նա խոստացավ երկու օրում խնդիրը լուծել։