Այս տարի Արցախում սպասում են երկնիշ տնտեսական աճ․ Արցախի վարչապետ
2017թ. Արցախում սպասում են երկնիշ տնտեսական աճ, երկրում հիդրոէներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտում բավականին ներդրում են իրականացվել։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ նախորդ տարի երկիրը գրանցել է շուրջ 9 տոկոս տնտեսական աճ։
Արայիկ Հարությունյանը նշել է, որ 2016թ․ հիդրոէլեկտրակայաններ են սկսել իրենց աշխատանքը, նաև Կաշենի հանքն է հանձնվել շահագործման։
«Արցախը դարձել է այնպիսի երկիր, որը ոչ միայն բավարարում է սեփական էլեկտրաէներգիայի պահանջարկը, նաև նախատեսում է ավելացնել արտահանման ծավալները»,- ասել է վարչապետը և փոխանցել, որ Արցախը հաջողություններ ունի շինարարության ոլորտում, աճել են շինարարության ծավալները։
Վարչապետն անդրադարձել է նաև հյուրանոցների խնդրին, նշել է, որ ներդրումների հնարավորություն կա, սակայն ծանրաբեռնվածությունը ողջ տարվա կտրվածքով չի լինում։
Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա, ըստ Ա․ Հարությունյանի, ապրիլյան պատերազմի ժամանակ Արցախի տնտեսությունը որոշակի խնդիրներ է ունեցել, ներդրողները հետաձգել են իրենց ծրագրերն Արցախում, սակայն կան ներդրողներ, որոնց համար ապրիլյան պատերազմը ներդրումների համար խոչընդոտ չի հանդիսացել․ շարունակում են ներդրումները: