Ինքն էլ գիտի, որ իշխանափոխություն չի ըլնի․ Սարոյանը՝ Օհանյանի հայտարարության մասին
«Թողեք ես իմ ցավով տապակվեմ, էլի՛»։ Ազգային ժողովում լրագրողի հարցին ի պատասխան՝ այսպես արձագանքեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը։ Լրագրողը հետաքրքրվում էր` ինչպե՞ս կմեկնաբանի Սեյրան Սարոյանը Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությանը, թե ինքը պայքարելու է իշխանափոխության համար, և խորհրդարանից դուրս զարգացումները կարող են բերել ֆորս մաժորի:
Սեյրան Սարոյանը նշեց, որ չի լսել այդ հայտարարությունը, բայց միևնույնն է՝ գիտի, որ Սեյրան Օհանյանը չի կարող հեղափոխություն անել։
«Ինքն էլ գիտի, որ իշխանափոխություն չի ըլնի: Մտքով անցել ա, ասում ա, ես էլ շատ բան կարամ ասեմ»,-ասաց գեներալը։
Հարցին, թե եթե Սեյրան Օհանյանն իրեն դիմի որպես մարտական ընկեր, կաջակցի՞, Սարոյանը պատասխանեց. «Ես իշխանության մեջ եմ, ոնց որ դու գաս մեր տուն, ասես՝ դու տնից հելի դուրս, ես գամ, կըլնի՞ ըտենց բան: Հո խայտառակ չենք»:
Ինչ վերաբերում է Զարուհի Փոստանջյանի հեղափոխական հայացքներին, ապա Սարոյանն այն իրատեսական չի համարում․
«Էդ ա, Գավրոշն ա, հեսա հեղափոխություն կանի»,-հեգնեց Սարոյանը: Նա նշեց, որ երկրում հեղափոխություն անելու կարիք չկա: «Դուք չե՞ք տենում, որ չկա»,- ասաց նա: