Կալանավորները պարբերաբար գումար են փոխանցել «Արմավիր» ՔԿՀ աշխատակցին. քրգործ է հարուցվել
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա: Այդ մասին հայտնում են ՀՔԾ մամուլի ծառայությունից:
Նյութերով ձեռք բերված տվյալների համաձայն, 2017 թվականի ապրիլի 18-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակցին պատկանող ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է բջջային հեռախոս, որում առկա են եղել նույն հիմնարկի կալանավորների մոտ ապօրինի պահվող հեռախոսներից ուղարկված հաղորդագրություններ` «Իդրամ» էլեկտրոնային համակարգի միջոցով ՔԿՀ աշխատակցին պարբերաբար փոխանցված գումարների դիմաց ապօրինի գործողություններ կատարելու մասին:
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակցի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Կատարվում է նախաքննություն: