Հայաստանում արտադրվում են բավականին լուրջ զենքի տեսակներ
Հակառակորդը լարվածությունն ավելացնում է: Լրագրողների հետ զրույցում այդ մասին այսօր ասաց Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանը, ով Երևանում մասնակցում էր «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր անելիքները» թեմայով խորհրդաժողովին:
«Փոխհրաձգություններ են ընթանում հրաձգային զենքերից, հիմնականում դիպուկահարներ են աշխատում հակառակորդի կողմից, ինչի հետևանքով, ցավոք, հայկական կողմը կորուստներ է ունենում»,- նշեց պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետը:
Ինչ վերաբերում է ռազմական արդյունաբերությանը, ապա Առուստամյանի խոսքով՝ այն բավականին զարգացել է:
«Եթե մինչև ապրիլյան գործողությունների սկիզբը սահմանային ինժեներական կահավորվածությունը գրեթե 30 տոկոս էր, ներկա դրությամբ հասցվում է կատարյալ վիճակի»,-ասաց Առուստամյանը:
Նա չցանկացավ հրապարակել, թե ինչ զենքի տեսակներ ունենք, սակայն նշեց, որ բավականին լուրջ զենքի տեսակներ են, որոնք արտադրվում են տեղում: Նրա խոսքով՝ այս ուղղությամբ աշխատանքները վաղուց էին ընթանում, նմուշները նոր են ստացվել:
Լուսանկարը՝ Aysor.am-ի