Շավարշ Քոչարյանն արձագանքել է Պուտինի՝ զենքի վաճառքի մասին արված հայտարարությանը
«Ժամանակին ռուսական կողմից հնչում էին ձայներ այն մասին, որ եթե իրենք Ադրբեջանին զենք չվաճառեին՝ դա կանեին այլ պետություններ»: Մեկնաբանելով ՌԴ նախագահ Պուտինի հայտարարությունը՝ այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը, նկատի ունենալով ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումը, հայտարարել էր, թե հակամարտության գոտիներում զենք մատակարարումը չի նպաստում խաղաղությանը:
Շավարշ Քոչարյանը հիշեցրեց, որ նախկինում ինքն առաջարկել էր, որ նման գոտիներում զենքի մատակարարման վրա լինի ընդհանուր էմբարգո, արգելք. քանի որ համանախագահող երեք պետություններն էլ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ են, ունեն բավարար ներուժ ու հնարավորություն:
«Այ դա կլիներ հարցի լուծում: Այդ դեպքում որևէ պետություն չէր ասի՝ եթե ես չեմ մատակարարում, ուրիշից կառնեն»,- նշեց Շավարշ Քոչարյանը՝ միևնույն ժամանակ նկատելով, որ նմանատիպ որոշում կայացնելու հարցով կարող են նաև բարդություններ առաջանալ: