Բակո Սահակյանը Սոս գյուղում մասնակցել է նորակառույց դպրոցի բացման արարողությանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 9-ին Մարտունու շրջանի Սոս գյուղում մասնակցել է նորակառույց դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը:
Նախագահը երախտագիտություն է հայտնել ամերիկահայ բարերար Ջերարդ Թրփանջյանին և «Հայաստան» համահայկական հիմնադրամին ծրագրի իրականացման համար: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Երկրի ղեկավարը կարևորել է շրջաններում և գյուղական բնակավայրերում դպրոցական ցանցի ընդլայնումն ու արդիականացումը՝ այն համարելով կրթության 7 մտավոր ներուժի զարգացման առանցքային բաղադրամասերից մեկը:
Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք, ներկայացուցիչներ Հայաստանից և սփյուռքից: