Մերկելի վրա լոլիկներ են նետել նախընտրական ելույթի ժամանակ
Գերմանիայի դաշնության կանցլեր Անգելա Մերկելի ավտոմեքենայի վրա լոլիկներ են նետել՝ Վոլգաստ քաղաքում նախընտրական միջոցառմանն այցի ժամանակ: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով Ostsee Zeitung-ին:
Հաղորդվել է, որ Վոլգաստում հավաքվել են շուրջ 150 ցուցարարներ, որոնք դիմավորել են Մերկելի ավտոմեքենան սուլոցներով ու բղավոցներով:
Միջոցառմանը կանցլերը կոչ է արել քվեարկել իր կուսակցության` Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) օգտին, սեպտեմբերի 24-ին Բունդեսթագում կայանալիք ընտրություններում:
«Արած գործերի համար չեն ընտրում: Բայց գործազրկության մակարդակով դուք կարող եք տեսնել, որ մենք ինչ-որ բանի հասել ենք», -ասել է նա:
Ավելի վաղ հայտնել էին, որ Մերկելի վրա լոլիկներ են նետել նախընտրական ելույթից առաջ: