Խոզերի «հիվանդությունը» Ոսկեպարից չի նահանջում
Ոսկեպարցի Նավասարդի 3 խոզն այս տարի անկել է, սակայն նա կրկին երկու խոզ է գնել, քանի որ ապրուստի այլ միջոց չունի: Սովորաբար, Նոր տարվան մոտ խոզ են մորթում, Նավասարդն էլ երկուսը գնել է, հույս ունի, որ այս երկուսին կկարողանա պահել-հասցնել մինչև Նոր տարի. չեն սատկի:
«Էդ հիվանդությունն արդեն քանի տարի գյուղում տարածված է, էս տարիներին ահագին խոզ է սատկել, մարդ կա, որ էս տարի 15 հատ խոզ կորցրեց, բայց դե էլի առնում-պահում են, ի՞նչ անենք»,- ասում է Նավասարդը:
Նա նշում է, որ համագյուղացիները զգուշանում են խոզերին սրսկելուց, քանի որ մի քանի անգամ փորձելուց հասկացել են, որ դեղերը «աշիբչնի» են, չեն վստահում, իսկ անասնաբույժին «փող են տալիս, որ մարդը աշխատի»:
Նավասարդին հայտնի է, որ ոչ միայն Ոսկեպարում, այլև տարածաշրջանում ժանտախտ հիվանդություն կա, սակայն տեղյակ չէ, թե ինչպես կարելի է պայքարել հիվանդության դեմ, խոզը, եթե անկում է` «տանում-գցում» ենք, իսկ թե որտեղ՝ չասաց, միայն՝ «էդ հիվանդությունը չի անցնում»:
Նա մի քանի գլուխ խոշոր եղջերավոր անասուն ունի, կաթը մթերում են 120-130 դրամով, որը, գտնում է, քիչ է կենդանիների գլխաքանակն ավելացնելու համար: Գյուղում աշխատանք չկա, անասնապահությամբ առանձնապես հետաքրքված չեն, և յուրաքանչյուրը փորձում է տարբերակ գտնել` կա′մ գնում են Ռուսաստան աշխատելու, կա′մ տեղափոխվում են Երևան:
«Էս տարի մեր գյուղում մի հատ ծնունդ չի եղել, 14-15 հոգի մեռել են, բայց մի հատ երեխա չի ծնվել»,- ցավով ասում է նա. «Գնում են Ռուսաստան, էստեղ մենակ բերում են թաղելու»: