Լապշինն ինքնասպանության փորձ չի արել. նրա վրա հարձակվել են
«Ես ինքնասպանության փորձ չեմ ձեռնարկել»: Իսրայելական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Իսրայելի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը:
Նա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ներում ստանալուց հետո տեղափոխվել էր Թել Ավիվ:
Մինչ այդ բլոգերը հայտնել է, որ բանտում նրա վրա հարձակվել են այլ բանտարկյալներ: Նա ակնարկել է, որ իրականում Ալիևի կողմից իրեն ներում շնորհելու քայլն իր հանդեպ անօրինականություններից հետո Բաքվի կողմից երկրի հեղինակության բարձրացմանն ուղղված քայլ էր:
«Բաքվի բանտում հայտնվելու հենց ամենասկզբից այլ ազատազրկվածներից սպառնալիքներ եմ ստացել: Չնայած նրանք ինձ մեկուսացված էին պահում, չէր լինում խուսափել մյուսների հետ ճանապարհներին խաչվելուց: Ինձ հարցաքննել են Ռուսաստանի անվտանգության և Հայաստանի հետախուզական ծառայությունների հետ՝ հակաադրբեջանական թշնամական համագործակցության թեմայով: Դա բացարձակ անհեթեթություն էր, սակայն հենց դա էր նրանց հետաքրքրում»,- ասել է բլոգերը:
Իլհամ Ալիևը սեպտեմբերի 11-ին նրան ներում է շնորհել այն բանից հետո, երբ նրա վրա հարձակվել են բանտարկյալներ և սպանության փորձ արել: Ալիևի օգնական Ալի Հասանովը հայտնել էր, թե նախքան ներում ստանալը՝ սեպտեմբերի 10-ին, բլոգերը բանտում ինքնասպանության փորձ է ձեռնարկել: Լապշինը, սակայն, հերքում է այդ լուրը:
«Երկու օր անց ես արթնացա Բաքվի հիվանդանոցի շտապ բուժօգնության սենյակում՝ վնասված պարանոցով, պարանոցի վրա խեղդելու հետքերով, կոտրված ատամներով: Այդ միջադեպից անմիջապես հետո ինձ ներում շնորհվեց… Ես ինքնասպանության փորձ չեմ ձեռնարկել»,- նշել է Լապշինը: