Մեկը բացահայտվել է, մյուսն էլ բացահայտվում է. Վլ. Գասպարյանը՝ վերջին աղմկահարույց սպանությունների մասին
Ձեզ հետ բացարձակապես համաձայն չեմ: Այդ մասին այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողներին ասաց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե վերջին շրջանում քրեական տարրերի հետ կապված հանցագործություններն ավելացել են:
«Ոչ միայն ոստիկանությունն է հրապարակել հանցածին իրավիճակի մասին, այլ նաև դատախազությունը ևս ամփոփ տեղեկանքը հրապարակեց: Կարծում եմ՝ այդպես չէ: Ակնհայտ այդպես չէ: Չբացահայտվող հանցագործություններ չկան: Բացահայտման դինամիկան շատ լավն է: Երկու դեպքեր են, մեկը բացահայտվել է, շուտ կբռնենք, մյուսն էլ բացահայտվում է, էլի շուտ ենք բռնելու»,- ասաց Գասպարյանը՝ նկատի ունենալով Էջմիածնում և Վերնիսաժում կատարված սպանությունների դեպքերը, որոնց մասնակիցների անունները կապվում են քրեական աշխարհի հետ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 00:20-ին, Էջմիածին քաղաքի Անդրանիկ թաղամասում ստացված հրազենային կրակոցներից մահացել էին Լևոն Ավետիսյանը՝ ծնված 1981թ., և Կարեն Դավթյանը՝ ծնված 1973թ:
Եվս մեկ սպանություն տեղի էր ունեցել Երևանում՝ Վերնիսաժի հարևանությամբ: Սեպտեմբերի 14-ին՝ 13:30-ի սահմաններում, հնչել էին կրակոցներ, որի հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից մեկ անձ՝ 1974 թ. ծնված Գագիկ Մոսինյանը, մահացել էր, ևս մեկը՝ 1978թ. ծնված Վահագն Աբգարյանը, հրազենային վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն։