«Ես այդպիսի տարածքներ չգիտեմ դեռ». Մովսես Հակոբյանը՝ Նալբանդյանի հայտարարության մասին
ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը չգիտի այնպիսի տարածքներ, որոնք Հայաստանի, Արցախի անվտանգությանը սպառնալիք չեն ներկայացնում:
Արձագանքելով ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությանն ու պատասխանելով լրագրողներին՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոն կատարած այցի ժամանակ Հակոբյանը նշեց, որ Արցախում ստեղծված է այնպիսի մի պաշտպանության համակարգ, որի խաթարման դեպքում Արցախի անվտանգությունը լուրջ սպառնալիքի տակ կլինի:
«Որևէ տարածքի վրա պաշտպանության համակարգի խաթարումը լուրջ անվտանգության սպառնալիք կստեղծի Արցախի Հանրապետության համար: Ավելին ասեմ՝ մեզ ավելի լավ տարածքներ են պետք, որն ավելի կերաշխավորի մեր Հանրապետության անվտանգությունը»,-ասաց Մովսես Հակոբյանը:
Հարցին, թե բանակը կընդդիմանա՞ տարածքների հանձնմանը, Մովսես Հակոբյանը պատասխանեց, որ բանակը կատարելու է այն, ինչ որոշի քաղաքական իշխանությունը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը խոսել է տարածքների վերադարձի հնարավորության մասին, ասել է, որ խոսքն այն տարածքների մասին է, որոնք Հայաստանի, Արցախի անվտանգությանը սպառնալիք չեն ներկայացնում: