«Սուրբ Ղազար կղզին մանրանկարն է ներկա Հայաստանի»․ Լևոն արք. Զեքիյան (լուսանկարներ)
Հոկտեմբերի 23-ին Մատենադարանի գիտական նոր մասնաշենքի ցուցասրահում բացվեց «Մխիթարյանների 300-ամյա պատմություն» խորագրով ցուցադրությունը։ Այն նվիրված էր Վենետիկի Սուրբ Ղազար կղզում գտնվող Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյակին:
Հոկտեմբերի 24-25-ին Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Վենետիկի Մխիթարյան Միաբանություն-300» խորագրով միջազգային գիտաժողով:
Այսօր ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Մխիթարյանների գործունեությունը պատմագիտության ասպարեզում» գիտաժողովի նիստն ու փակումը, որի ժամանակ հնչեցին զեկուցումներ և ելույթներ։
Գիտաժողովի փակման կապակցությամբ ելույթ ունեցավ Վենետիկի Մխիթարյան Միաբանության քահանայապետական պատվիրակ Լևոն արք․ Զեքիյանը, ով իր խոսքում նշեց․
«Ես շնորհակալ եմ, քանի որ գիտաժողովը կարևոր ներդրում էր և որոշ քայլեր առաջ են գնացել։ Մխիթարյաններին այսքան բազմակողմանի առաջին անգամ են անդրադառնում և պետք է սա շարունակական բնույթ կրի։ Կարող է մի փոքր բանաստեղծական հնչել, բայց Սուրբ Ղազար կղզին Հայաստանի մանրանկարն է ու հայելին։ Հայաստանի տարածքը 30 000 կմ 2 , իսկ Սուրբ Ղազարի տարածքը՝ 0,033 կմ 2 է։ Մխիթարն ու իր աշակերտները նախ և առաջ եղել են կրոնավորներ, նոր հետո լուսավորիչներ։ Մխիթարյանները ծառայել են հայրենիքին ու հայերին»։
Հավելենք նաև, որ Մխիթարյան միաբանությունը հայ կրոնական և մշակութային կազմակերպություն է, որ հիմնադրվել է 1701 թ. սեպտեմբերի 8-ին, Կ. Պոլիսում՝ վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից։ Միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանասիրական, կրոնական և գիտական այլ աշխատություններ։
