«Սա վերևներից կազմակերպված թալան է». «Նորաշեն 2007»-ի բնակիչներ (ֆոտո, վիդեո)
«Նորաշեն 2007» կոոպերատիվի կառուցած Նորաշեն 37 հասցեում գտնվող շենքի բնակիչները շարունակում են իրենց բողոքի ակցիաները:
Բնակիչները մեծ գումարներ են վճարել շենքի բնակարանները ձեռք բերելու համար, հետո շենքի կառուցապատողները բնակարանները գրավադրել են: Շինարարությունն ավարտին չի հասցվել, և բնակիչները չեն կարողանում ստանալ իրենց բնակարանները:
NEWSPRESS.am-ի հետ զրույցում Արուս Վանյանը նշեց, որ վաշխառուներն իրենց բնակարանների միջոցով կեղծ գործարքներ են արել ու անօրինաբար գրավ են վերցրել բնակարանները:
«Մենք դիմում ենք տարբեր ատյաններ, ասում են՝ մենք իրավասու չենք դատական գործընթացին միջամտելու: Բա եթե իրավասու չեն, ո՞վ պետք է պայքարի այս անօրինության դեմ»,-ասում է Արուս Վանյանը:
Նրա համոզմամբ՝ սա լավ ծրագրված գործ է իրենց դեմ:
«Սա վերևներից լավ պլանավորված, կազմակերպված թալան է՝ ուղղված ժողովրդի դեմ»,-ասում է Վանյանը:
Բնակիչներն իրենց ձեռքին ունեին պաստառներ՝ «Վերադարձրեք մեր տները» գրառմամբ, որտեղ գրված էին նաև, իրենց որակմամբ, այն վաշխառուների անունները, ովքեր մասնակցել են թալանին. Հերմինե Նաղդալյան, Դավիթ Բեգլարյան, Արսեն Ավագյան, Գագիկ Առաքելյան, ինչպես նաև պաստառի վրա գրառված էր.
«Հե՛յ պարոններ, վաշխառուներ, տոկոսչիներ, գիտենք՝ դուք եք հանցավորը, չի պատժվում մեղավորը, կբարեփոխվի՞ դատավորը»:

Մանրամասները՝ տեսանյութում