Կարեն Կարապետյանը մեկնաբանել է Սերժ Սարգսյանի հետ «մեծ համաձայնության» գալու մասին լուրերը
Ապրիլի 9-ից հետո ՀՀԿ-ն առաջարկելու է վարչապետի թեկնածությունը՝ իր կոալիցիոն գործընկերոջ հետ համատեղ: Նման քննարկումներ մենք չենք ունեցել, այդ իսկ պատճառով որևիցե պայմանավորվածության մասին խոսելն ապարդյուն է:
Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, ըստ որոնց նախագահի և վարչապետի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ Կարեն Կարապետյանը 2018-ից հետո կլինի փոխվարչապետ:
Անդրադառնալով հարցին, թե ինքն արդյոք համաձա՞յն է հանրապետականների այն պնդումներին, թե որպես ՀՀԿ նախագահ և Հայաստանի անվտանգության երաշխավոր՝ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, Կարեն Կաարպետյանը նշեց.
«Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի՝ ՀՀ նախագահի վարկանիշներին և հայտանիշներին՝ որպես անվտանգության երաշխավոր, որպես մեծ փորձ ունեցող ղեկավար, ես այդ պնդումների հետ լիարժեք համաձայն եմ: Մնացած մասնավոր կարծիքների վերաբերյալ հարցրեք իրենցից»: