Շիկահողի արգելոցում շուրջ 36 ծառի հատման հետևանքով պատճառված վնասը կազմել է ավելի քան 1 մլն դրամ. Դատախազություն
2017թ. նոյեմբերի 1-ին Սյունիքի մարզի դատախազություն է ստացվել ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի կողմից 2017թ. հոկտեմբերի 29-ին կազմված բնապահպանական տվյալ իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը և վնասի հատուցման հաշվարկը: Այդ մասին հայտնում են Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
Համաձայն հաշվարկի՝ Կապան-Մեղրի ավտոմայրուղու 37-րդ կիլոմետրի հարակից տարածքում հայտնաբերվել է ապօրինի հատված 36 ծառ և 3 ճյուղ, ինչի հետևանքով պատճառված վնասը կազմել է 1.089.154 ՀՀ դրամ:
Սյունիքի մարզի դատախազությունը ստացված արձանագրությունը և կից հաշվարկը նույն օրը ուղարկվել է ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժին՝ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով՝ նյութեր նախապատրաստելու ցուցումով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի ներկայացուցչի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, ինչի արդյունքում արձանագրվել է ևս մեկ ծառի ու վեց ճյուղի ապօրինի հատում, ինչպես նաև ճշտվել են տարածքի կոորդինատները, դրա պատկանելիությունը պարզելու համար: