Սկզբունքի հարց է՝ ով կնստի անկյունում դրված աթոռին. Վանաձորում զոռբայությունը տեղի չի տալիս
«Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» նախագահ Էդմոն Մարուքյանը վստահ է, որ եթե Վանաձորի ավագանու հրավիրած նիստերի մասին դրույթը Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել, ապա դրա հիման վրա կայացրած որոշումները իրավական ուժ չեն կարող ունենալ։ Նա հայտարարում է, թե «Մանդատագողությամբ ձևավորված տեղական իշխանության փոքրամասնության քաղաքապետը ապօրինություններ է գործում շուրջ մեկ տարի»:
Ըստ Էդմոն Մարուքյանի երկուսից մեկը՝ կամ Վանաձորի քաղաքապետը պետք է հրաժարական տա և նոր քաղաքապետ ընտրվի ավագանու կողմից, կամ, որ իրենց համար ավելլի իրավական է և նպատակահարմար՝ ավագանին պետք է լուծարվի և արտահերթ ընտրություններ տեղի ունենան:
Քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, սակայն, հակադարձում է՝ մինչ օրս առաջնորդվել է գործող օրենքով, ու սրանից հետո էլ կաշխատի այդպես: Այսինքն, չնայած ՍԴ-ի որոշմանը, թե գործող քաղաքապետը հակասահմանադրական գործունեություն է ծավալել, Ասլանյանը պնդում է, որ ինքը տարր չի խախտել:
Ինչ վերաբերվում է Մարուքյանի հայտարարությանը՝ նա ծիծաղում է. «Մարուքյանին ի՞նչ կա, ինչ ուզի՝ էն էլ կասի, ես էլ ինչ ուզեմ՝ կասեմ, բայց դա պաշտոնական դիրքորոշում չէ»,-ասում է քաղաքապետն ու հավելում, որ դատարանի կայացրած որոշում դեռ չի ստացել: Կստանա՝ պարզ կլինի, թե հետո ինչպես է աշխատելու: Բայց ո՛չ մինչ այդ, ո՛չ էլ դրանից հետո նա իր հրաժարականի ու ավագանու լուծարման մասին ոչինչ լսել չի ուզում՝ շարունակելու է աշխատել:
Այստեղ Էդմոն Մարուքյանը գուցե կասեր. «Է, դե զոռբայությունով հո չի՞…»:
Թե ով է ումից ավելի «զոռբա», շատ քիչ ժամանակ է մնացել պարզելու. ցավալին այս պատմության մեջ այն է, որ սա հերթական աթոռակռիվ է, ու արդեն սկզբունքի հարց է, թե ով է կնստի անկյունում դրված աթոռին: