Բժշկին ծեծելու փաստով քրեական գործն ընդունվել է վարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները:
2017թ. հոկտեմբերի 29-ին՝ ժամը 23:55-ին, «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ հիվանդանոցի մանկաբարձական բաժանմունքում հիվանդի մերձավորը խմած «սպանում է» բժշկին:
Նախնական տվյալներով` նույն օրը՝ ժամը 23:50-ի սահմաններում, քաղաքացին «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի մանկաբարձական բաժանմունքում տեւական ժամանակ վիճաբանել է հերթապահ բժշկի հետ, հարվածել նրա դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, այնուհետեւ հայհոյելով կոտրել է բաժանմունքի հիվանդասենյակների, բուֆետի դռների ապակիները:
Դեպքի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի Նուբարաշենի բաժանմունքում նոյեմբերի 9-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով եւ նոյեմբերի 10-ին ուղարկվել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նույն օրը քրեական գործն ընդունվել է վարույթ եւ կատարվում է նախաքննություն:
Միջոցներ են ձեռնարկվում՝ միջադեպի բոլոր հանգամանքները, դրդապատճառը պարզելու եւ օբյեկտիվ, լրիվ ու բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: