Եղեգիսում 37 ձայն ստացած թեկնածուի օգտին ընտրակաշառք են եղել առաջարկած. քրգործ է հարուցվել
2017 թվականի նոյեմբերի 7-ին Վայոց ձորի մարզի Շատին գյուղի բնակիչներ Հ.Գ.-ն և Տ.Ս.-ն ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի բաժնում հաղորդումներ են տվել այն մասին, որ ս.թ. հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների ընթացքում նույն գյուղի բնակիչ Ռ.Մ.-ն իրենց գումար է առաջարկել 2017 թվականի նոյեմբերի 5-ին կայանալիք Եղեգիս խոշորացված համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ թեկնածու Մ.Ս.-ի օգտին քվեարկելու համար: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
«Հաղորդումների առթիվ ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում ձեռք բերված տվյալներն առերևույթ վկայում են Ռ.Մ.-ի կողմից նշված երկու անձանց ընտրակաշառք առաջարկելու մասին:
Նկատի ունենալով, որ նշված տվյալները ենթակա են լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության՝ դեպքի առթիվ 2017 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ Վայոց ձորի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
ՀՀ գլխավոր դատախազության կողմից քրեական գործը պահանջվել է՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու համար»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ այս համայնքում ընտրությունների արդյունքով Մամիկոն Սմբատյանը, ում օգտին, ըստ վերոհիշյալ հաղորդագրության, առաջարկել են գումարով քվեարկել, ստացել է ընդամենը 37 ձայն: Այդ համայնքում հաղթանակ է տարել Արթուր Ստեփանյանը՝ հավաքելով 1952 ձայն: Հաջորդ ամենաշատ ձայն ստացած թեկնածուն եղել է Տիգրան Խուդոյանը: Այստեղ ամենաքիչ ձայներն է ստացել Արմեն Սետրակյանը՝ 15 քվե: