ԱԺ-ն մերժեց տարկետումը. ուսանողների ձայնը տեղ չհասավ, նրանք լռության ակցիա են սկսել
Ազգային ժողովը ձայների առավել մեծամասնությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծը:
Դեմ քվեարկեցին միայն «Ելք» ընդդիմադիր խմբակցության պատգամավորները: Նրանցից Արարատ Միրզոյանը պատգամավորներին հիշեցրերց, որ այս պահին 4 ուսանող հացադուլ է անում և ուսանողները բոյկոտում են օրինագծի դեմ, ևս 120 գիտաշխատող էլ հանդես է եկել ընդդեմ օրինագծի: Պատգամավորը կոչ արեց բոլորին դեմ քվեարկել նախագծին:
Այնուամենայնիվ, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ օրինագիծն ընդունվեց՝ ձայների 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ:
Ազգային ժողովի դիմաց օրենքի ընդունման պահից սկսած՝ բողոքի մասնակից ուսանողները լռության ակցիա են սկսում։ Ուսանողները նշում են, որ լռության ակցիան ինքնանպատակ չէ. նրանց ձայնը չի լսվել մինչ օրս:
«Ստացվում է, որ 20 օրից ավել մեզ չեն լսում, ուրեմն մենք այլևս չենք խոսում և լուռ կանգնում ենք այս դռների դիմաց»,-հայտարարեցին ուսանողները:
Հիշեցնենք՝ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի, որն առաջին ընթերցմամբ ընդունվել էր հոկտեմբերի 27-ին, պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել արդեն երեք տարի ժամկետով: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ: