Բախում՝ ԱԺ-ի դիմաց. ուսանողները կոչ են անում պատգամավորներին դուրս գալ և տեր կանգնել իրադրությանը
Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»-ի
Ուսանողները չեն հարմարվում այն մտքին, որ տարկետում չի լինելու: Նրանք շարունակում են իրենց ակցիան Բաղրամյան պողոտայում՝ «Տարկետում լինելու ա… կոչերով:
Ոստիկանները փորձում են ցրել ցույցը, սակայն ուսանողները չեն նահանջում: Նրանք բացականչում են «ոստիկա′ն, միացի′ր, ոստիկա′ն, միացի′ր…» և «ամո′թ, ոստիկան….»:
Այս ընթացքում եղան նաև բախումներ ուսանողների և ոստիկանների միջև: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ժամանակ էր տվել երիտասարդներին ազատել փողոցը, սակայն վերջիններս չէին հնազանդվել, ինչից հետո ոստիկանները գետնին են գցել ուսանողներից մի քանիսին և ֆիզիկական ուժ գործադրել նրանց նկատմամբ:
Բոյկոտող ուսանողներին է միացել նաև հացադուլ անողներից Լևոնը, ում ինքնազգացողությունը երեկ վատացել էր: Ուսանողները կոչ են անում նաև իրենց հացադուլ անող մյուս ընկերներին, որպեսզի դադարեցնեն հացադուլն ու միանան իրենց, քանի որ իրենց այս պահին բանական ուժ է պետք:
Ոստիկանների շարքերը համալրել են նաև «կարմիրբերետավորների» ջոկատի տղաները: վերջիններիս հաջողվեց այնուամենայնիվ ուսանողներին տեղափոխել դիմացի մայթ, որտեղ էլ նրանք շարունակում են իրենց ակցիան:
Ուսանողները կոչ են անում նաև պատգամավորներին դուրս գալ և տեր կանգնել իրենց քթի տակ տեղի ունեցող անկարգություններին: