Հանրապետականը դաշտ է նետել ՀՎԿ-ին` մեզ հետ կռիվ անելու. մեր կռիվը ՀՀԿ-ի դեմ է. Էդմոն Մարուքյան
Վանաձորի ավագանու «Հայկական վերածնունդ» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել` դատապարտելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին:
Հայտարարության մեջ ասված է նաև, որ
«…Այսօր էլ, մեկ տարի անց շարունակվում է նույն ցինիկ, շանտաժով լեցուն , կեղծ և լկտի գործելաոճը։ Իշխանության ջանքերով դեռևս նախորդ խորհրդարանում հայտնված, ապա նույն իշխանության ջանքերով այս գումարման խորհրդարան մտած այդ կուսակցության ներկայացուցիչները գառան դիմակով «գայլուկներ» են դարձել՝ իրենց հայտարարելով Վանաձորի «ընդդիմադիրներ»՝ չմոռանալով իրենց ազգականներին տեղավորել ՀՀԿ ավագանու ցուցակներում։ ՀՎԿ ավագանու խմբակցությունը դատապարտում է այս գործելաոճը և հայտարարում, որ խմբակցությունը միշտ գործել է բաց, շիտակ և հրապարակային…»։
ՀՎԿ-ի այս հայտարարությունը, ըստ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի՝ ինքնանպատակ չէ:
Նա NEWSPRESS.am-ի հետ զրույցում նշեց, որ ՀՎԿ-ի հայտարարության հետ կապված որևէ մեկնաբանություն չի արվելու, որովհետև իրենք պայքարում են ՀՀԿ-ի դեմ:
«Հանրապետականը դաշտ է նետել ՀՎԿ-ին` մեզ հետ կռիվ անելու, այսինքն՝ փորձում են կռիվը տեղափոխել «Լուսավոր Հայաստան»-ի և ՀՎԿ դաշտ: Բայց մենք ՀՎԿ-ի դեմ կռիվ չունենք, մեր կռիվը ՀՀԿ-ի դեմ է: Որևէ այլ մեկնաբանություն չեմ կարող տալ»,- ընդգծեց Էդմոն Մարուքյանը: