Զինակոչիկին չեն տվել տարկետում, և բանակում նա մահացել է՝ հիվանդության սրացման հետևանքով. Արմեն Ռուստամյան
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը չի կարծում, որ ուսանողների բողոքի հետևանքով հեղափոխական փոփոխություններ տեղի կունենան:
Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքով նոր հնարավորություն և դաշտ է ստեղծվում զինվորական ծառայության համար, որի մասին շատերը տեղյակ չեն:
«Այստեղ անտեղյակությունից է շատ բան բխում: Իրականում սովորել ցանկացողի համար շատ ավելի լայն հնարավորություններ են ստեղծվում: Այնպես չէ, որ ինչ-որ մարդիկ, որ ուզում են ուսում ստանալ, շարունակել իրենց ուսումը, այս օրենքները խոչընդոտում են»,-ասաց Արմեն Ռուստամյանը:
Ինչ վերաբերվում է ուսանողների և իշխանության ներկայացուցիչների քննարկումների կլոր սեղան ձևաչափին, ապա Արմեն Ռուստամյանի դիտարկմամբ, այն հնարավորություն կտա ընդդիմախոսներին ավելի խորքային ծանոթանալ օրենքի հնարավորություններին։
«Ես հասկանում եմ նրանց, լուրջ իրավիճակ է, բնական է, որ այս փոփոխությունները նոր իրադրություն են առաջացնում և մարդիկ ուզում են հասկանալ, թե ինչպես ծրագրեն իրենց ապագան։ Վստահ եմ, որ խորքային ծանոթանալու դեպքում կտեսնեն, որ եթե պարտադիր է ծառայությունը, իսկ դա սահմանադրորեն պարտադիր է, դա պետք է պարտադիր լինի բոլորի համար»,-նշեց ՀՅԴ-ական պատգամավորը:
Նա ընդգծեց, որ 90%-ի նպատակը մեկն է՝ խուսափել ծառայությունից, սակայն կան նաև ավելի լուրջ խնդիրներ, որոնց հարկավոր է ուշադրություն դարձնել:
«Կան ավելի վատ փաստեր, որ նորակոչիկին չեն տվել տարկետում առողջական պատճառով և նա բանակում այդ հիվանդության սրացման հետևանքով մահացել է: Այդ առումով պետք է մեծացնել վերահսկողությունը»,- նկատեց Արմեն Ռուստամյանը։