«Զվեզդա»-ի ղեկավարությունը պաշտոնական նամակով դիմել է հայկական կողմին և ընդունել, որ եղել է ոչ կոռեկտ գնահատական
«Զվեզդայի» ղեկավարությունը պաշտոնական նամակով դիմել է հայկական կողմին, որտեղ ընդունում է, որ եղել է ոչ կոռեկտ գնահատական:
Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով «Զվեզդա» հեռուստաընկերության հաղորդմանը, որի ժամանակ հաղորդավար Վերոնիկա Կրաշենիննիկովան ՀՀԿ-ի զինանշանը համեմատել էր ֆաշիստական Գերմանիայի խորհրդանշանի հետ:
«Հեռուստահաղորդումը կամ այդ հեռուստաեթերի ընթացքում Հայաստանի, Նժդեհի և Հանրապետական կուսակցության հասցեին հնչած մեղմ ասած ոչ կոռեկտ գնահատականները չեն բխում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների տրամաբանությունից: Նման հայտարարությունները հարիր չեն դաշնակցային հարաբերություններին եւ մեր պետությունը համապատասխան խողովակներով իր կարծիքը հայտնել է»,- ասաց ՀՀԿ խոսնակը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական օրգանը համարվող «Զվեզդա» հեռուստաալիքի նոյեմբերի 19-ի եթերում հաղորդավարուհի Վերոնիկա Կրաշենիննիկովան անդրադարձել է Հայաստանին, Հայաստանի հանրապետական կուսակցությանը եւ Նժդեհին՝ զուգահեռներ անցկացնելով ֆաշիզմի հետ: