Նիգերիայում 17-ամյա մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն, ինչի արդյունքում զոհվել է 50 մարդ
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Նիգերիայի Մուբի քաղաքում։ Ինչպես հաղորդում է BBC լրատվական գործակալությունը, Մուբի քաղաքի մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 50 մարդ։
Ականատեսների խոսքով՝ առավոտյան աղոթքի ժամանակ ահաբեկիչը պայթեցրել է իրեն: Վիրավորների թվի վերաբերյալ դեռ հստակ տեղեկատվություն չկա։ Նախնական տեղեկատվության համաձայն` ահաբեկիչը 17 տարեկան է եղել։
Երկրի լրտվամիջոցներն էլ նշում են, որ մահապարտ ահաբեկիչը եղել է «Բոկո հարամ» կազմակերպության անդամ: Դեռ ոչ ոք իր վրա չի վերցրել պայթյունի կազմակերպման պատասխանատվությունը: Հիշեցնենք, որ 2009 թվականից «Բոկո հարամ» ահաբեկչական կազմակերպությունը գործում է Նիգերիայի հյուսիսում: Մինչ այսօր նրանց հարձակման զոհ է դարձել մոտ քսան հազար մարդ, իսկ երկու միլիոնը հարկադրաբար լքել է իր բնակության վայրը:
Այդ խմբավորման մասնակցությամբ տեղի ունեցած ամենադաժան վերջին դեպքը տեղի է ունեցել անցյալ տարի, երբ երկու դպրոցական աղջիկ իրենց պայթեցրեցին տեղի շուկայում, որի ժամանակ զոհվեց 56 մարդ: