Գեներալ Ռատկո Մլադիչը դատապարտվեց ցմահ ազատազրկման․ նա մեղադրվում էր ցեղասպանություն կազմակերպելու մեջ
Հաագայի դատարանը նախկին Հարավսլավիայի բանակի գեներալ Ռատկո Մլադիչին դատապարտել է ցմահ բանտարկության՝ նրան մեղավոր ճանաչելով ցեղասպանություն կազմակերպելու և մարդկության դեմ հանցագործություն իրականացնելու մեջ: Այդ մասին հաղորդում է BBC լրատվական գործակալությունը:
Մլադիչը 1990-ականների սկզբում գլխավորում էր բոսնիացի սերբերի բանակը, և դատարանի վճռով մեղավոր է Բոսնիայի և Հերցոգովինայի հազարավոր խաղաղ բնակչության սպանդ կազմակերպելու մեջ: Նրա կողմից ամենամեծ սպանդը կազմակերպվել է 1995 թվականին Սրեբրենիցայում, որի ժամանակ սպանվեց յոթ հազար մահմեդական տղամարդ ու երիտասարդ:
Դատարանի վճռով Սրեբրենիցայում տեղի ունեցածն էթնիկ զտում էր: Նրան մեղադրում են նաև Սարաևոյում տեղի ունեցած ռազմական հանցագործության մեջ, որի ժամանակ զոհվեց մոտ տասը հազար մարդ: Դատավոր Ալֆոնս Օրիեի խոսքով՝ Մլադիչն անձամբ է հրաման տվել զինվորականներին՝ Սարաևոյում ռմբակոծություններ իրականացնելիս:
Նախկին գեներալն, ով այժմ 75 տարեկան է, 16 տարի շարունակ թաքնվել է ռազմական դատարանից: Նա ձերբակալվեց 2011 թվականի մայիսին՝ սերբ հատուկ ջոկատայինների կողմից իրականացված գործողության ժամանակ և փոխանցվեց Հաագայի դատարանին։