Վերսկսվել է Բերձորի բժշկական կենտրոնի շինարարությունը
Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի շրջանային բուժմիավորման նոր շենքի շինարարության հիմնարկեքը կատարվել էր դեռ 2012 թվականին: Երկարատև դադարից հետո աշխատանքները շարունակվում են պետական բյուջեի միջոցներով:
Անցած տարիների ընթացքում «Վրեժ» և «Ստակ» ընկերություններն իրականացրել են շենքի կմախքի և միջնորմների կառուցումը, արտաքին հարդարումը, լուսամուտների տեղադրումը և շինարարական այլ աշխատանքներ: Բուժհաստատության կառուցման առաջին փուլի ֆինանսավորումն իրականացրել է Արցախի միակ բջջային օպերատոր` «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ն:
Բժշկական կենտրոնի շինարարության երկրորդ փուլը մեկնարկել է նոյեմբերի սկսզբից: Աշխատանքներն իրականացվում են պետբյուջեի հաշվին` «Սուր Նարեկ» ՍՊԸ կազմակերպության կողմից:
Ներկայումս կատարվում են ներքին ու արտաքին ինժեներական կոմունիկացիաների մոնտաժային, սվաղի և ներքին հարդարման, դռների տեղադրման, մուտքի և ելքի աստիճանավանդակների կառուցման աշխատանքները: Շինաշխատանքներին հետևում են Քաղաքաշինության նախարարության Բերձորի գրասենյակի տեխհսկիչները:
Բերձորի բուժհաստատությունը կունենա վիրահատարան, ծնարան, դիահերձարան, մանկական բաժանմունք և ստացիոնար բուժման համար անհրաժեշտ բոլոր միջոցները: Շենքի նախագիծը համապատասխանում է շինարարական նորմերին:
Նախագծի համաձայն, բուժհաստատությունը շահագործման կհանձնվի 2018 թվականին: