Չա՞ր կատակ, թե՞ միտում. Պոլիտեխնիկում կասկածելի արկղի հայտնաբերման հետքերով
Արտակարգ իրավիճակների նախարարություննը այսօր՝ դեկտեմբերի 25-ի առավոտյան, ժամը 10:32-ին ահազանգ է ստացել ոստիկանությունից, որ Երևան քաղաքի Տերյան 105/6 հասցեում գտնվող Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի բակում գտնվող տոնածառի տակ կասկածելի արկղ կա:
Այս մասին լուրը NEWSPRESS.am–ի հետ զրույցում հաստատեցին ԱԻՆ լրատվական ծառայությունից:
«Արկղն իսկապես հայտնաբերվել է. առավոտյան մեզ այդ մասին տեղեկացրին ոստիկանությունից: Հիմա դեպքի վայրում աշխատում են և՛ ոստիկանության, և՛ մեր ԱԻՆ-ի աշխատակիցները: ԱԻՆ-ից դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, բայց դեռևս նոր տեղեկություն չունենք»,-ասացին լրատվական ծառայությունից:
Իսկ համալսարանի թե՛ ընդունարանից, թե՛ ընդհանուր բաժնից մեզ արկղի հայտնաբերման մասին ոչ մի հստակ տեղեկություն չկարողացան տալ:
«Գիտե՞ք, տարբեր մասնաշենքեր են, և ահազանգը մեր կողմից չէ»,-ասացին մեզ համալսարանից՝ հորդորելով զանգահարել մյուս մասնաշենք:
Այնտեղից էլ մեզ մեկ այլ համար տվեցին՝ դարձյալ պնդելով, որ ահազանգն ամենևին էլ իրենց կողմից չի եղել:
Ի վերջո պարզվեց, որ ահազանգն ստացվել է Ճարտարապետության և շինարարաության Հայաստանի ազգային համալսարանից:
Արկղը հայտնաբերել է մաքրուհին, սակայն ինչ կա արկղում, դեռևս հայտնի չէ: Արկղի վրա գրված է ռեկտորի անուն-ազգանունը: Այս պահին կատարվում են աշխատանքներ՝ պարզելու արկղի պարունակությունը:
Չի բացառվում սակայն, որ պարզապես մեկը չար կատակ է արել, որն ահիմն աղմուկ է բարձրացրել: