Տոնական ոչ աշխատանքային օրերին կսահմանվի շուրջօրյա հերթապահություն՝ սպասարկման տարբեր համակարգերում
Տոնական ոչ աշխատանքային օրերին բնակչությանը հուզող հարցերին արագ արձագանքելու և համապատասխան լուծումներ տալու նպատակով Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջաններում գործող «Թեժ գիծ» ծառայություններում հանձնարարվել է շուրջօրյա հերթապահություն ապահովել:
Սպասարկում իրականացնող ենթակառուցվածքներում հնարավոր վթարների մասին ահազանգերին օպերատիվ արձագանքելու և առաջացած խնդիրներն արագ կարգավորելու նպատակով էլ հերթապահություն կսահմանվի նաև «Վեոլիա Ջուր», «Գազպրոմ Արմենիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերություններում:
Աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը և վարչական շրջանների ղեկավարներին էլ հանձնարարվել է սահմանել շուրջօրյա հերթապահություն՝ բազմաբնակարան շենքերում վերելակային տնտեսության անխափան շահագործումն ապահովելու նպատակով:
Բացի այդ, հանձնարարվել է նաև վերահսկել «Սանիտեք» ընկերության կողմից աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների պատշաճ կազմակերպումն ու իրականացումը:
Հաշվի առնելով տոնական օրերին քաղաքացիների ակտիվ տեղաշարժը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է խստորեն վերահսկել հասարակական տրանսպորտի աշխատանքը՝ իրականացնելով պարբերական շրջայցեր` աշխատանքների կազմակերպմանը հետևելու նպատակով: