ԱԱԾ. Իսկապես կանխվել է միջազգային ահաբեկչական կազմակերպության հետ կապի մեջ կասկածվող անձի մուտքը Հայաստան
«ԱԱԾ ստորաբաժանումների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իսկապես կանխվել է միջազգային ահաբեկչական կազմակերպության հետ առնչության մեջ կասկածվող օտարերկրյա պետության քաղաքացու մուտքը Հայաստանի Հանրապետություն»: Այդ մասին, ի պատասխան «Առավոտ» օրաթերթի հարցման՝ հայտնել են ԱԱԾ-ից:
Նշենք, որ ավելի վաղ թերթը, հղում անելով իր աղբյուրին՝ գրել էր, որ տեղեկություն է ստացել օրեր առաջ ուժային կառույցների կողմից «Զվարթնոց» օդանավակայանում հատուկ գործողություն իրականացնելու և մեր երկիր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներից մեկի մուտքը կանխելու մասին:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակելու պատճառաբանությամբ ԱԱԾ-ն դեպքի հետ կապված այլ մանրամասներ չի հայտնել, բայց և տեղեկացրել է, որ ՀՀ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգների մասին հավաստի տեղեկություններ ստանալու դեպքում կանխարգելիչ նման միջոցառումներ մշտապես են իրականացնում:
Մասնավորապես, միայն 2017թ. ընթացքում հակաահաբեկչական միջոցառումների շրջանակներում արգելվել է միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ հնարավոր առնչության մեջ կասկածվող այլ պետության 960 քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն, ևս 95 օտարերկրացի վերցվել է սահմանային վերահսկողության՝ հատուկ հետախուզման ռեժիմով:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում