Ադրբեջանի նախագահի օգնական. Մենք Ղարաբաղի հարցով պատրաստ ենք փոխզիջման
Բաքուն պատրաստ է Լեռնային Ղարաբաղին լայն ինքնավարություն տրամադրել և ապահովել հայ բնակչության քաղաքացիական իրավունքները: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական գծով օգնական Ալի Հասանովը:
«Մենք պատրաստ ենք որոշակի փոխզիջման և խնդրի կառուցողական հանգուցալուծման: Այս առիթով, գտնում ենք, որ հիմնախնդրի լուծման հիմնական ճանապարհն արդյունավետ և արդարացի ուղին է, այն է՝ Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղին լայն ինքնավարություն տրամադրելը: Նաև երաշխավորվում է հայ բնակչության քաղաքացիական, սոցիալ-տնտեսական, մշակութային իրավունքների ապահովումը՝ համաձայն Ադրբեջանի և միջազգային իրավունքի օրենսդրության և նորմերի»,- հայտարարել է Հասանովը իսրայելական The Jerusalem Post-ին, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը: