Ես գոհ եմ իմ թիմի կազմից, այս պահին մեզ ոչ ոք պետք չէ. Զիդան
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ընդգծել է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի նախատեսում ձեռք բերել նոր ֆուտբոլիստների: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալը» հետաքրքրված է «Աթլետիկի» դարպասապահ Կեպե Արիսաբալագեի, «Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուայի, «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարի և «Տոտենհեմ Հոտսպուրի» հարձակվող Հարի Քեյնի ծառայություններով:
«Այս պահին մեզ ոչ ոք պետք չէ: Տեսնենք՝ ինչ կլինի մինչև հունվարի 31-ը, բայց հիմա մենք ոչ մի նման ծրագիր չունենք: Ես գոհ եմ իմ թիմի կազմից»,- Զիդանի խոսքը փոխանցում է Goal-ը:
Հիշեցնենք, որ 2018-ին անցկացրած առաջին խաղում՝ Իսպանիայի առաջնության 18-րդ տուրի շրջանակներում, «Ռեալը» ոչ-ոքի՝ 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը «Սելթայի» հետ: Մադրիդցիներն այս պահին արդեն 16 միավորով են զիջում առաջատար «Բարսելոնային»: Միայն թե «Ռեալը» մեկ խաղ պակաս է անցկացրել: