«Աջ ղեկ» շարժման անդամներին չհաջողվեց տեսնել վարչապետին. նա արձակուրդի մեջ է
35000 հազար մարդու՝ իրենց ընտանիքներով, տրանսպորտի նախարարը անվանեց «կամիկաձե»։ Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի՝ «կամիկաձե» որակումից իրենց դժգոհությունն են հայտնում «Աջ ղեկ» նախաձեռնության անդամները։
Հիշեցնենք, որ անցնող տարվա վերջին վարորդները հանդիպել էին նախարարի հետ։ Երբ ակցիայի մասնակիցներն առաջարկել են նախարարին իրենց հետ շրջել մեքենայով և համոզվել, որ աջ ղեկով մեքենաները վտանագվոր չեն, վերջինս նկատել էր, թե ինքը «կամիկաձե» չէ։
«Ստացվում է, որ բոլոր նրանք, ովքեր նստում են աջ ղեկով մեքենաներ, «կամիկաձենե՞ր» են։ Դա ի՞նչ ասելու բան է։ Մենք ուզում ենք, որ վերահաշվառման արգելքը վերացնեն, այսինքն՝ անվանափոխման արգելքը վերացնեն, եթե սա չի կատարվում, մնացած հարցերը չենք քննարկում»,– NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասացին վարորդները։
Նրանք կառավարության դիմաց պահանջում էին հանդիպում վարչապետի հետ։ Սակայն հանդիպում տեղի չունեցավ, քանի որ վարչապետը քառօրյա արձակուրդի մեջ է։ Նա հունվարի 8-ից մինչև 12-ը գտնվելու է արտերկրում։
Այսօրվա ակցիայի ժամանակ վարորդները որոշեցին վերաձևակերպել իրենց պահանջներն ու խմբագրել դրանք, որպեսզի ավելի հստակ ներկայացնեն կառավարությանը։ Նրանք հույս ունեն, որ կառավարությունը կգնա փոխզիջման։
«Նրանք պետք է ընդունեն, որ մեր կողմից բերված հիմնավորումն իսկապես հակասահմանադրական դրույթ է։ Պետք է շատ արագ դա հանեն նախագծից, քանի որ մեքենան տվյալ մարդու մասնավոր սեփականությունն է, որն այդ մարդն իրավունք ունի ցանկացած պահի վերահաշվառելու և օտարելու»,- ասաց վարորդներից մեկը։
Շարժման մասնակիցները կառավարությանը կներկայացնեն նաև մի շարք այլ առաջարկներ։
Հիշեցնենք, որ կառավարությունը ներկայացրել է որոշումների փաթեթ, որոնցով առաջարկվում է 2018 թվականի ապրիլի 1-ից ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը, իսկ հետագայում՝ նաև շահագործումը Հայաստանի Հանրապետությունում, թույլատրել մինչև 2018-ի ապրիլի 1-ը ներկրված տրանսպորտային միջոցների շահագործումը, «սակայն սահմանափակել տրանսպորտային միջոցների վերահաշվառումը»: