Թաց պատեր, թաց հատակ, միջատների տեսականի և միտված ճնշումներ ու նվաստացումներ․ փաստաբանը պնդում է՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում անմարդկային պայմաններ են
Այն, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում էապես տարբերվում են պայմանները՝ բացասական առումով, Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, փաստաբան Նինա Կարապետյանցը մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է։
Նա հերթական անգամ նշել է, որ հիմնարկի պայմանները և մթնոլորտը սարսափելի են։ Լրագրողների հետ զրույցում Նինա Կարապետյանցը նշել է, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում այդ քրեական հիմնարկում պարզապես աննկարագրելի է և անընդունելի։
«Ես չեմ հասկանում, ուղղակի զարմանում եմ՝ բոլորը տեսնում են այդ վիճակը, իսկ հիմնարկի վարչությունը ո՞չ, թե՞ պարզապես չեն ուզում տեսնել։ Սա պարզապես ցինիզմ է, որ քրեակատարողական հիմնարկը նման պայմաններ ունի։ Ես միշտ ասել եմ, ու էլի կասեմ, որ դա անմարդկային պայմաններ է ո՛չ միայն կալանավորների համար, այլև հենց աշխատողների և այն փաստաբանների, ովքեր թեկուզ մի ժամով կմտնեն այնտեղ ու դուրս կգան»,- ասում է Նինա Կարապետյանցը։
Նրա խոսքով՝ Նուբարաշենում չկան կոմունալ նորմալ պայմաններ․ կոյուղագծերը նորմալ չեն գործում, և կա խմելու ջրի խնդիր։ Փոխարենը կրծողների ու միջատների պակաս չի նկատվում։
«Հատակն ու պատերը թաց են, խոնավության հոտն ու միջատների տեսականին անպակաս․ չեմ հասկանում չե՞ն տեսնում ինչ վիճակ է»,-ասում է փաստաբանն, ում դիտարկմամբ, եթե պատկան մարմինները չտարբերեին լավն ու վատը, ապա ոգևորությամբ ու պարծենալով չէին գովերգի «Արավիր» ՔԿՀ-ի պայմանները։
«Դարձրել են մատի փաթաթան՝ Արամվիրում լավ է, բա որ լավը հասկանում եք, ապա ինչո՞ւ չեք այնպես անում, որ Նուբարաշենի պայմաններն էլ լավ լինեն»,-նկատում է փաստաբանը, ում գնահատմամբ դրանք նվաստացուցիչ պայմաններ են։
Նա հիմնավոր կասկածներ ունի նաև, որ մասնավորապես «Սասնա ծռեր» խմբավորման անդամների մասով Նուբարաշենում կան ճնշումներ։ Թերևս սրանով է պայմանավորված Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի տեղափոխման հարցը՝ «Արմավիր» ՔԿՀ։
Նման տեղափոխումներն աննախադեպ են, և թե ինչո՞ւ այս տղաների դեպքում թույլ չեն տալիս տեղափոխություն՝ Նինա Կարապետյանցն իր բացատրություններն ունի։ Նա վստահեցնում է, որ տղաներին նվաստացնելու և նրանց վիճակը է՛լ ավելի վատացնելու միտում կա, և այս պահին փաստաբանների համար տղաներին Նուբարաշենից տեղափոխելը գերխնդիր է դարձել։