Ի՞նչ է իրականում տեղի ունեցել Պերմի դպրոցում. կա 2 ձերբակալված
Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր առավոտյան Ռուսաստանի Դաշնության Պերմ քաղաքի թիվ 127 դպրոցում հարձակում է տեղի ունեցել, ինչի հետևանքով շուրջ 10 աշակերտ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել: Տուժածների մեջ է եղել նաև ազգությամբ հայ 11-ամյա Մենուլա Աբրոյանը:
Ինչպես հայտնում է BBC լրատվական գործակալությունը, դպրոցի ութ աշակերտները և ուսուցչուհին ստացել են դանակի հարվածներ: Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեից հայտնում են, որ երկու հոգի ձերբակալված են:
Դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան՝ դպրոցի տարածքում: Երկու դպրոցականների միջև վիճաբանություն է տեղի ունեցել՝ սառը զենքի կիրառմամբ, մոտակայքում գտնվող ուսուցչուհին ու մի քանի աշակերտներ փորձել են միջամտել վիճաբանությանը, ինչի արդյունքում էլ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:
Տուժածներից երկուսի վիճակը ծանր է, նրանք դանակի հարվածներ են ստացել կոկորդի շրջանում և այժմ գտնվում են Պերմի հիվանդանոցում: Մյուս տուժածների վիճակը գնահատվում է բավարար: Տեղի իրավապահ մարմինները հայտնում են, որ դեպքի ժամանակ դպրոցի տարածքում եղել է 743 մարդ, որոնցից 45 ուսուցիչներ, իսկ 698-ը աշակերտներ: Այս պահին դպրոցում գտնվող բոլոր անձինք տարհանվել են: