Հայաստանում «թաղման մշակույթը» նոր վերելք է ապրում. Ի՞նչ ծառայություններ են մատուցում սգո կազմակերպությունները
Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանում զգալի շատացել են սգո սրահներն ու սգո ծառայություն մատուցող կազմակերպությունները: Բնակչության մեծամասնությունը նույնիսկ չգիտի, թե Հայաստանի սգո կազմակերպություններն ի՞նչ ծառայություններ են մատուցում: Օրինակ՝ բավական է համացանցում գրել «սգո ծառայություններ» բառակապակցությունն ու կտեսնեք այնպիսի ծառայություններ, որոնց մասին նույնիսկ պատկերացում անգամ չեք կազմել:
Օրինակ՝ գերեզմանի խնամք, դագաղի ներսակողմի ձևավորում, հարազատների և մտերիմների տեղեկացում (հեռախոսով), մարմնով դագաղի տեղափոխման համար բրիգադի տրամադրում, հանգուցյալի համար հագուստի բերում դիահերձարան և այլն: Այս շարքը կարելի է շարունակել շատ երկար, սակայն մեկ բան պարզ է, որ Հայաստանում «թաղման մշակույթը» նոր վերելք է ապրում:
Այս հարցի շուրջ NEWSPRESS.am-ի հետ զրույցում սգո սրահի տնօրենն ընդգծեց, որ շատերը մոռանում են իրենց վիշտն ու կենտրոնանում հոգեհանգստյան արարողության ու հոգեհացի կազմակերպման վրա:
«Եղել են դեպքեր, որ մարդիկ եկել են ու բողոքել լուսավորությունից ու տարածքից: Մի քանի անգամ նույնիսկ հանգուցյալի հարազատները դժգոհել են հոգեհանգստի համար նախատեսված սենյակի ներքին վերանորոգումից ու հարդարանքից: Հիմա շատերը ուշադրություն են դարձնում տարածքի մեծության վրա և ուզում են, որ իրենց հանգուցյալի հոգեհանգիստն իրականացվի մեծ սրահում»:
Սգո սրահի տնօրենն ընդգծեց, որ հանգուցյալի հարազատները մեծ ուշադրություն են դարձնում հոգեհացին ու շատ ժամանակ կարգադրում են, որ հոգեհացի սեղանին ուտելիքը հանկարծ քիչ չլինի:
«Եղել են դեպքեր, երբ պատվիրել են, որ ավանդական հոգեհացից բացի լինի նաև 2-րդ ճաշ: Մի քանի անգամ նույնիսկ հոգեհացն այնքան երկար է տևել, որ վերջում շատերը մոռացել էին, թե որտեղ են ու ինչի՞ համար են հավաքված: Իսկ ամենաաբսուրդայինն այն է, որ ոմանք հոգեհացից հետո իրենց հետ հավաքում ու տանում են այն սնունդը, ինչ մնացել է հոգեհացի սեղանին»:
Այս ամենի ֆոնին պետք է ընդգծել, որ Հայաստանի մի շարք համայնքներում գյուղի հոգևոր հովիվները վերանայել են հոգեհացի կարգը: Շատ տեղերում նույնիսկ կա հստակ ցուցակ, և հոգեհացը կազմակերպվում է այդ ցուցակի համաձայն: Ըստ այդ ցուցակների՝ խմիչքը սահմանափակ քանակով է բերվում, իսկ սնունդը լինում է քիչ ու հոգեհանգստի սեղանին համապատասխան: Մի շարք գյուղեր պահպանում են հոգեհանգստի «բարոյական» կարգը, իսկ Երևանում ավելանում են սգո սրահներնն ու սգո համար նախատեսված աբսուրդային ծառայությունները: