Շարմազանովը դրական է գնահատում իշխանության և ընդդիմության բոլոր հարաբերությունները
«Փողոցային պայքարը՝ երթերն ու հանրահավաքները ժամանակավրեպ են և արդյունավետ չեն, ավելի արդյունավետ է բովանդակային ու խորքային քննարկումը»:
Սա ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի սյուբեկտիվ կարծիքն է։
Նրա կարծիքով խորհրդարանական համակարգում շատ կարևոր է, որ քաղաքական պայքարի միակ արդյունավետ թատերաբեմը լինի խորհրդարանը, ոչ թե փողոցը, բայց եթե «Ելք» դաշինքը որոշել է թանկացումների դեմ բողոքի երթ կազմակերպել, ապա Շարմազանովը հարգում է նրանց դիրքորոշումը։
«Եթե իրենք գտնում են, որ սպառված է պառլամենտի ներսում որևէ բան քննարկելու ճանապարհը, ես այդ կարծիքին չեմ, երկխոսությունը պետք է լինի քննարկումների ժամանակ, միանգամից չէ, որ պետք է բոլոր համաձայնությունների գանք: Բայց ինձ նաև ուրախացնում է, որ «Ելքի» մեր գործընկերները բացառում են իշխանափոխության այլ ճանապարհ, բացի ընտրությունների միջոցով։
Սա նշանակում է, որ մենք լուրջ առաջընթաց ունենք ընդդիմադիր դաշտում, և մեր գործընկերները չեն գնում ռադիկալ ճանապարհով: Անկախ նրանից, որ պառլամենտում ունենում ենք անհամաձայնություններ, ես դրական եմ գնահատում իշխանության և ընդդիմության բոլոր հարաբերությունները»,- ընդգծեց Շարմազանովը։