«Ո՞վ սպանեց հայերին» ֆիլմի պրեմիերան ցուցադրվեց օրեր առաջ
Եգիպտոսի տարածաշրջանային հանձնաժողովի, Կահիրեի Հայոց առաջնորդարանի և Եգիպտոսում ՀՀ դեսպանության աջակցությամբ նկարահանվել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ո՞վ սպանեց հայերին» արաբերեն լեզվով փաստա–վավերագրական ֆիլմը, որի պրեմիերան տեղի ունեցավ օրեր առաջ՝ Կահիրեի Միսր էլ–Գեդիդայի գրադարանում:
Ֆիլմի հեղինակների գլխավոր նպատակն Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության պատմությունը, մարդկության նկատմամբ այդ ոճրագործության մասին իրականությունը արաբախոս հանդիսատեսին լիարժեք կերպով ներկայացնելն է։ Մեկ ժամ 10 րոպե տևողությամբ ֆիլմը նկարահանվել է «Մայաթի փրոդաքշըն» ստուդիայի կողմից։
Հեղինակներն են` եգիպտացի անվանի կինոգործիչներ Մարիամ Զաքին և Մոհամեդ Հանաֆին։ 10 ամիս տևած նկարահանումները կատարվել են երեք երկրներում` Հայաստանում, Եգիպտոսում և Լիբանանում։ Ֆիլմում լայնորեն օգտագործվել են հարցազրույցներ, արխիվային փաստաթղթեր, տեսաժապավեններ և լուսանկարներ, ականատեսների և վերապրածների վկայություններ։