Թե բա՝ mail էինք ուղարկել…
Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանն էլ.փոստով նամակներ ուղարկել գիտի:
Մենք շատ ենք խոսում այն մասին, թե ով կլինի Հայաստանի նախագահը, վարչապետը կամ ովքեր առհասարակ կգան իշխանության. սա մեր հասարակության հիմնական մասի ամենաքննարկվող թեմաներից է: Բայց միևնույն ժամանակ այդ հասարակությունը երկրորդ պլան է մղել, կամ առհասարակ չի հետաքրքրվում Սփյուռքի նախարարության գործունեությամբ: Եթե, օրինակ, Հայաստանում իշխանության պարագլուխը ղեկավարում է 2.5 միլիոն հայի կենսագործունեությունը, ապա Սփյուռքի նախարարությանը հնարավորություն է տրվել համախմբել և ղեկավարել շուրջ տասը միլիոն հայի:
Ապշեցուցիչ է, բայց փաստ, որ այսօր թե՛ մարդկային, և թե՛ ֆինանսկան ռեսուրսների առումով առավել նախանձելի վիճակում է գտնվում նախարար Հրանուշ Հակոբյանը, ով կարծես տարիիներ շարունակ բռնապետի վարքագծով զավթել է նախարարության համապատասխան աթոռը:
Երկուշաբթի օրը ՀՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Ազգային ժողովում տեղի ունեցավ «Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացումները» թեմայով աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ հետաքրքիր քննարկումներ ծավալվեցին: Թողնենք թվարկված՝ իբրև արված գործերն ինչքանով են արված կամ չարված, ինչքանով էր ուռճացված, բայց մի արտահայտություն կսղոցեր յուրաքանչյուրի ուղեղը:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի երկար կենացից հետո խոսք ունեցավ նաև նախարար Հակոբյանը և անդրադարձավ ներդրումներին.
«Այո, այդ աշխատանքը հատկապես քարոզչական առումով իրականացնում ենք, «Հայերն այսօր»-ում բացել ենք մի պատուհան՝ մեկ պատուհան սկզբունքով, որտեղ 120 բիզնես ծրագրեր ենք դրել և 1200 բիզնեսմենների էլ իրենց հասցեներով ուղարկել ենք այն բիզնես ծրագրերը, որ Ներդրումների նախարարությունը մեզ տրամադրել է»:
Պարզվում է՝ Սփյուռքի նախարարությունում տիրապետում են էլեկտրոնային փոստով ինֆորմացիա ուղարկելու «խիստ մասնագիտական» գործին: Բոլորովին չենք պնդում, որ այս աշխատանքը կարող էին Ներդրումների նախարարությունում անել և ուռճացված հաստիքներ և ավելորդ նախարարություններ չպահել ու սնել, այլ ուշադրություն ենք հրավիրում, թե ինչ աշխատանք են պաթոսով մեզ ներկայացնում՝ որպես կարևոր գործ: Ցավոք, այս մակարդակին է մեր կառավարման համակարգը, և յուրաքանչյուրը, նստելով տաք գրասենյակներում՝ մի նամակագրության համար ռեսուրս են ծախսում և իբրև աշխատում: Սա է խնդիրը, որ գործարարները պարզապես Հայաստանը լուրջ չեն ընկալում և ո՞վ ասաց, որ պետք է նստեն ու սպասեն էլեկտրոնային փոստով եկած նամակներին և պատասխանեն դրանց: