Դանակը մինչև ոսկորին չի հասնում՝ խնդրով չենք զբաղվում. Թևան Պողոսյան
«Ելք» դաշինքը կառավարությանը փորձում է ստիպել աշխատել, և սա ճիշտ քաղաքականություն է: «Անդրադարձ» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ, փորձագետ Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով թանկացումների դեմ «Ելք»-ի կազմակերպած երթին:
Նա նկատում է, որ այս առումով պայքարը ճիշտ է, սակայն դրա արդյունավետության մասին գոնե առայժմ չի կարող խոսել. «Արդյունավետ կլինի, երբ լուծումներ լինեն»:
«Հարկային օրենսգրքով այնպես պետք է անել, որ տնտեսություն զարգանա: Զարգանո՞ւմ է՝ ո՛չ․․․ Մենք ունենք ընդհանուր խնդիր՝ զարգացնել մեր տնտեսական մոդելը, պետք է կառավարության առաջ խնդիր դնել՝ զարգացնել և աշխատեցնել այդ ինստիտուտները»,-նկատում է Թևան Պողոսյանը՝ հավելելով, որ պետք է համակարգ փոխվի, միայն մի երկու օրենք փոխելով՝ ոչինչ չի փոխվի։ Նա նկատում է նաև, որ գնաճի մասին մի քանի ամիս պետք է հայտարարեին և զգուշացնեին տնտեսվարողներին՝ խուսափել կամայական գին թելադրելուց: Բայց նման բան չարվեց ու հիմա, երբ գները բարձրացել են, նոր են սկսել ինչ-որ միջոցներ ձեռնարկել՝ գնաճը զսպելու համար:
«Դանակը մինչև ոսկորին չի հասնում՝ խնդրով չենք զբաղվում»,- ասաց Պողոսյանը: