Իմ կինն ասել է, որ որդիներս իրենց բրիտանացի են զգում Բրիտանիայում, բայց հպարտ հայեր են. Արմեն Սարգսյանը պարզաբանել է
«Ամուլսարի շահագործման հետ բացարձակապես կապ չունեմ, կարող եք գուգլ անել և կտեսնեք»:
Այս մասին լրագրողներին է հայտնել ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը՝ Գիտությունների ազգային ակադեմիայում գիտնականների հետ հանդիպումից առաջ:
Նա նշել է, որ շատ լարված օրեր են և աշխատանքային հանդիպումներ, սակայն դարձյալ չի պատասխանել հարցին, թե ինչ վերջնական որոշում է կայացրել նախագահի թեկնածության հետ կապված:
«Կողմնորոշվեմ, անձամբ Ձեզ կասեմ: Թույլ տվեք ինձ շարունակել իմ հանդիպումերը, երբ ավարտեմ, որոշումս կայացնեմ, դուք կլինեք առաջիններից մեկը, որը կիմանաք դրա մասին»:
Նա հայտարարել է նաև, որ Հայաստան է եկել ընդմիշտ: Ավելին՝ Հայստանից չի էլ գնացել:
Հարցին էլ` ինչպե՞ս է նրա ընտանիքը ապրելու Հայաստանում, եթե կինը հայտարարել է, որ իրենց Բրիտանիայի քաղաքացի են համարում, Սարգսյանը հորոդորեց անգլերեն տարբերակով կարդալ «Daily Mail»-ին տրված հարցազրույցը.
«Իմ երկու տղաները և՛ Բրիտանիայի, և՛ ՀՀ-ի քաղաքացիներ են: Հավասարապես լինելով Բրիտանիայի քաղաքացի՝ պետք է զգան և ապրեն բրիտանացու պես, միաժամանակ լինելով ՀՀ քաղաքացի պետք է ապրեն ՀՀ քաղաքացու պես՝ դրանից հետևող եզրակացություններով: Անգլերենով այդ կերպ չի հնչում: Իմ կինն ասել է, որ որդիներս իրենց բրիտանացի են զգում Բրիտանիայում, բայց հպարտ հայեր են»: