«Ռեալը» պետք է մտածի Նեյմարի մասին. Ռոնալդո
Ֆրանսիական «ՊՍԺ»-ի բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարը գրեթե ամեն օր հայտնվում է հեղինակավոր սպորտային պարբերականների առաջին էջերին: Ամռանը Բարսելոնայից դեպի «ՊՍԺ» տեղի ունեցած աղմկահարույց տրանսֆերից հետո մինչ օրս քննարկումները շարունակվում են:
Վերջին շրջանում ֆուտբոլային մասնագետները նշում են, որ ամռանը միանշանակ կկայանա Նեյմարի տրանսֆերը դեպի Մադրիդի «Ռեալ»: Իսկ այս ամենի դեմ «ՊՍԺ»-ի ղեկավարությունը նշում է, որ Նեյմարը մնալու է Փարիզում ու կերտի փարիզյան թիմի հաղթարշավը:
Իսպանական MARCA-ին տված հարցազրույցում Մադրիդի «Ռեալի» ու Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդոն խոսել է իր հայրենակցի՝ Նեյմարի մասին: Ռոնալդոն խոսել է Նեյմարի՝ դեպի «Ռեալ» հավանական տրանսֆերի մասին:
«Հիմա Նեյմարն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, ով տարիներ հետո կդառնա լավագույնը: Մադրիդի «Ռեալին» անհրաժեշտ են լավագույնները, իսկ «Ռեալի» ղեկավարները պետք է մտածեն Նեյմարի մասին: «Ռեալի» ղեկավարները չեն խոսում Նեյմարի մասին, սակայն պետք է ուշադրություն դարձնեն այս հարցին ու այնպես անեն, որ թիմը վերադառնա նախկին մակարդակին»:
Հավելենք նաև, որ Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչում ֆրանսիական «ՊՍԺ»-ն մրցելու է հենց Մադրիդի «Ռեալի» հետ: