Դավիթ Մանոյանը` «Ալաշկերտի» ֆուտբոլիստ (ֆոտո, վիդեո)
Մրցաշրջանի երկրորդ կեսին լրջորեն նախապատրաստվող «Ալաշկերտը» շարունակում է ուժեղացնել կազմը:
«Ալաշկերտը» 1.5 տարվա պայմանագիր է ստորագրել Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական կիսապաշտպան Դավիթ Մանոյանի հետ, ով այսօր իր առաջին մարզումն է անցկացրել մեր թիմի կազմում:
27-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը Կիպրոսի Բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող «Նեա Սալամինան» էր:
«Նեա Սալամինա» Մանոյանը տեղափոխվել էր մեկ այլ կիպրոսյան ակումբից` «Կարմիոտիսայից», որի կազմում անցկացրած 22 խաղերում նա դարձել էր 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
Մինչև Կիպրոս տեղափոխվելը կրեատիվ կիսապաշտպանը հանդես էր գալիս Երևանի «Փյունիկում», որի կազմում 18 գոլի և նույնքան արդյունավետ փոխանցման հեղինակ էր դարձել ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 108 հանդիպումներում:
Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում անցկացրած 8 խաղերում Մանոյանը 1 գոլ է խփել, իսկ ազգային ընտրանու կազմում Դավիթն անցկացրել է 26 հանդիպում:
