ԱԺ-ն ընդունեց աջակողմյան մեքենաների ներմուծման արգելքը
Այսօր Ազգային ժողովը 63 կողմ, 34 դեմ ձայներով ընդունեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» օրենքը նախագիծը։ Այլ կերպ ասած` արգելվում է աջ ղեկով մեքենաների ներմուծումը Հայաստան:
«Ելք» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը նշեց, որ Հայաստանում շահագործվող ձախ ղեկով մեքենաների միջին տարիքը 21 տարին է, իսկ աջ ղեկով մեքենաներինը՝ 14։
Ըստ նրա` աջակողմյան մեքենաների ներմուծման արգելք մտցնելով նպաստելու են ավելի հին ու էժան մեքենաների մուտքը Հայաստան։
Նշենք, որ «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» օրինագծով նախատեսվում է ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը ժամաանակավոր արգելել աջ ղեկով մեքենաների ներմուծումը Հայաստան:
Այս հանգամանքը ևս զարմացնում է Գևորգ Գորգիսյանին և նա հարց տվեց, թե արդյոք հոկտեմբերի 1-ից աջակողմյան մեքենաների վնասակարությունը նվազում է։
Հավելենք, որ որոշվել է աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելել ապրիլի 1-ից, որպեսզի այն անձինք, որոնք արդեն պատվիրել են աջ ղեկով մեքենաներ, որոնք արդեն ճանապարհին են, հասցնեն ներմուծել ու ֆինանսական խնդիրներ չունենալ: