Քաղաքապետին արջի ծառայություն մատուցեցին, կնանիքին չէր կարելի ծեծել. Սեյրան Սարոյան
Երևույթը լավ չէր, սիրուն չէր: Ուղղակի քաղաքապետին արջի ծառայություն մատուցեցին: Այդ մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը՝ անդրադառնալով քաղաքապետարանում «Երկիր ծիրանի» և ՀՀԿ խմբակցությունների միջև տեղի ունեցած աղմկոտ միջադեպին, երբ ԵԾ-ի կանանց՝ քաղաքապետարան կոյուղաջուր բերելու հետևանքով քաշքշոց ու ծեծկռտուք էր սկսվել:
Դիտարկմանը, թե ինքը՝ քաղաքապետն իր թիմի անդամներին ասաց՝ դեմն առեք, Սարոյանը պատասխանեց. «Դեմն առնելը հո չի նշանակում՝ քելեք, տփեք էդ կնանիքին»:
Հարցին, թե եթե այդպես է, ապա ինչո՞ւ այդպես վարվեցին ՀՀԿ-ականները, Սարոյանը պատասխանեց, որ հավանաբար մտածել են, թե դրանք քիմիական նյութեր են. «Ոչ մեկ չէր պատկերացնում, թե ինչ ա, ինչ չի, հագածը-կապածը, բայց ամեն դեպքում սիրուն չէր, կնանիքին չէր կարելի ծեծել»:
Եզրափակելով խոսքը՝ գեներալը նշեց, որ իր կարծիքով՝ Տարոն Մարգարյանը լուրջ ղեկավար է և կկարողանա վերլուծել իրավիճակը: