Ավստրիայի նոր կառավարությունը չեղարկել է հակածխախոտային օրենքը
Դեռևս 2015 թվականի մայիսին ընդունված որոշումով Ավստրիայում արգելվել էր հասարակական և ժամանցի վայրերում ծխելը, սակայն նոր ձևավորված կառավարությունը հետ է կանգնում այդ օրենքից: Հակածխախոտային օրենքը չեղարկելու որոշման հեղինակը Հայնս Քրիստիան Շտրախեն է՝ Ազատություն կուսակցությունից, ովքեր կոալիցիա են կազմել Ազգայնական կուսակցության հետ: Այս մասին հաղորդում է BBC լրատվական գործակալությունը։
Ավելի վաղ՝ հունվարին, խորհրդարանական լսումների ժամանակ Շտրախեն հայտարարել էր, որ հասարակական վայրերում ծխելն արգելելը սահմանափակում է քաղաքացիների ընտրության իրավունքը: Նրա կարծիքով՝ ժամանցի վայրերում ծխողների համար անկյուններ պետք է լինեն, և քաղաքացին ինքն է ընտրում` ծխի՞, թե՞ ոչ:
Այնինչ շատերը կարծում են, որ հակածխախոտային օրենքի չեղարկումն աղետաբեր կլինի Ավստրիայի համար: Ավստրիայում, ի տարբերություն շատ այլ բարձր կենսամակարդակ ունեցող եվրոպական երկրների, բարձր է երիտասարդների շրջանում ծխողների թիվը, իսկ ըստ մասնագետների՝ հակածխախոտային օրենքի վերացումից հետո այդ թիվը կարող է կրկնապատկվել: