Ֆրանսիայում կավելացնեն գայլերի թվաքանակը
Ֆրանսիայի իշխանությունները կթողնեն, որ գայլերի թվաքանակը 360-ից հասնի 500-ի։ Այս մասին հաղորդում է Interfax-ը։
Գայլերի թվաքանակի ավելացումը նախատեսվում է իրականացնել մինչև 2023թ.։ Այն տեղի կունենա ի հեճուկս ֆերմերների, որոնք բողոքում են գայլերի ավելացման դեմ և մտահոգված են տնային կենդանիների անվտանգության համար։
Անցած դարի 30-ական թվականներին որսորդները Ֆրանսիայում ոչնչացրել են գայլերին։ 90-ականներին նրանք կրկին թափանցել են Ֆրանսիա Իտալիայից։ Գայլերի պոպուլյացիան պաշտպանված է Բեռնի կոնվենցիայով, որը ստորագրել է նաև Ֆրանսիան։
Գայլերը ոչնչացվել են Եվրոպայի մի քանի երկրում, սակայն վերջին տարիներին նրանց թվաքանակն աճում է։ Գերմանիայում բնակվում է գայլերի շուրջ 60 ոհմակ, իսկ նրանց քանակն ամեն տարի ավելանում է 15 տոկոսով։ Հունվարին գայլեր նկատել են բելգիական Ֆլանդրիայում առաջին անգամ 100 տարվա ընթացքում։