ԼՂ հակամարտության հարցը չի կարելի կապել միայն Ռուսաստանի հետ
«Եթե աշխարհի ուժեղները ընդհանուր լուծում չունեն, ապա այս կամ այն համանախագահող երկրի, միջազգային կառույցի խնդրի լուծման վերաբերյալ նոր առաջարկները կամ ինֆորմացիոն սադրանքներ են, կամ փորձում են ստուգել տրամադրություններ»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:
Անդրադառնալով վերջին օրերին տարածված այն լուրերին, թե ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի Հայաստան կատարած այցի շրջանակում Արցախի որոշ ազատագրած տարածքներ հանձնելու հարցն է քննարկվել, նա նկատեց, որ ԼՂ հակամարտության հարցը չի կարելի կապել միայն Ռուսաստանի հետ, քանի որ հարցը գտնվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ազդեցության տակ:
Ալեքսանդր Մանասյանի դիտարկմամբ` Ղարաբաղի հարցում Ռուսաստանը չի գնա արկածախնդրության, այն դեպքում, երբ ունի մեծ խնդիրներ: Ինչպես նկատես բանախոսը` ամեն անգամ երբ նախագահող երկրներից մեկը նախաձեռնություն է ցուցաբերում՝ իրավիճակը իր ձեռքը վերցնելու, լուծումներ առաջարկելու համար, դրան հետևում են մյուս երկրների պատասխան քայլերը:
«ԼՂ հարցը գտնվում է Մինսկի խմբի հովանու տակ, և այլ կառույցների կամ հարթակների միջամտությունը միայն կխանգարեն գործին»,-նկատեց Ալեքսանդր Մանասյանը: