Լո՞ւրջ էր ասում Սերժ Սարգսյանը, որ վարչապետ չի դառնալու, թե՞ սեղանի տակից ձեռքը տարել, ասել է՝ «թխի գա»
ԱԺ-ում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության հարցի քննարկման ժամանակ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կասկած հայտնեց Սերժ Սարգսյանի ելույթի վերաբերյալ։
Նա ԲԴԽ-ի առաջին կազմի անդամի թեկնածու առաջադրված, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանից հետաքրքրվեց, թե 2014 թվականին, երբ իր ներկայությամբ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ պաշտոնապես այլևս երբեք չի առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնի համար, իսկ պառլամենտական կառավարման մոդելի դեպքում՝ նաև չի հավակնի վարչապետի պաշտոնին, չի՞ կատակել:
«Նա ասել է նաև, որ ընդհանարպես չի կարծում, որ մեկ մարդը երկու անգամ պետք է հավակնի երկրի ղեկավարի պաշտոնին։ Հարցս հետևյալն է՝ Դուք ներկա եք եղել՝ լո՞ւրջ էր ասում Սերժ Սարգսյանը, որ վարչապետ չի դառնալու, թե՞ հումորային էլեմենտներ կային, օրինակ՝ սեղանի տակից ձեռքը տարել, ասել է՝ «թխի գա», կամ մի ուրիշ բան, որովհետև մոնտաժվել է, հնարավոր է՝ այդ պահերը չեն երևում»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ լուրջ է հարցնում։
Արձագանքելով Փաշինյանին՝ Գագիկ Հարությունյանն ասաց, որ նախագահի հետ իր բոլոր հանդիպումների ժամանակ չի եղել դեպք, որ ՀՀ նախագահն իր խոսքը կատակով կամ անլուրջությամբ ասի։
«Այդ օրը ձեր բերված սեղանի տակ, սեղանի վրա, որևէ բան չի եղել, և նախագահն իր կարծիքն է ասել»,- պատասխանեց Հարությունյանը։