Հակառուսական պատժամիջոցները ոչ միայն անօրինական են, այլև ամբողջ աշխարհին են վնասում. Պեսկով
Կրեմլում ԱՄՆ-ի հակառուսական սանկցիաները համարում են ոչ միայն անօրինական, այլև ամբողջ աշխարհին վնաս հասցնող: Այդ մասին, ինչպես փոխանցում է TASS գործակալությունը, այսօր լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Վաշինգտոնի՝ ՌԴ-ի դեմ սահմանափակումները երկարացնելու մասին որոշումը:
«Մենք երբեք պատժամիջոցների կողմնակից չենք եղել, դրանք համարում ենք անօրինական, ինչպես նաև, ոչ միայն մեր երկու երկրների ժողովրդին, այլև ամբողջ աշխարհին վնասող»,- հայտարարել է Պեսկովը:
Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է, որ պատժամիջոցներն ու դրանց երկարաձգումը Կրեմլում օրակարգային չեն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարի ժամկետով երկարաձգել է պատժամիջոցների ժամկետը, որոնք Ռուսաստանի նկատմամբ կիրառվում են Ուկրաինայում ճգնաժամի պատճառով: Ինչպես հայտնի է դառնում հրապարակված փաստաթղթերից, խոսքն այն սահմանափակումների մասին է, որոնք սկսել են կիրառվել դեռևս Բարաք Օբամայի օրոք Ղրիմի հարցով: